Հայաստանն ու ԱՄՆ-ը քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից՝ Վաշինգտոն վերջինիս այցի շրջանակներում։

«Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք, եւ այս հանդիպման հիմնական նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սա կարեւոր գործիք է, որի միջոցով մենք կարող ենք խորացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները՝ նոր ոլորտներում համագործակցության եւ փոխգործակցության իրականացման համար։ Մենք ուրախ ենք քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Այն նաեւ նոր ճանապարհ է բացում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համար։ Եվ կարծում եմ, որ դա կարող է ծառայել նաեւ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գնահատել Հայաստանի վարչապետի ղեկավարությունը եւ նրա կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, շարունակվող առաջընթացը։ Ինչպես նաեւ՝ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ բարձր գնահատել այն հեռատեսությունը, համարձակությունն ու ճկունությունը, որ վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով այն ուղղությամբ, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ երկարաժամկետ խաղաղության։

Եվ վերջապես, թույլ տվեք ասել ձեզ, պարոն նախարար, եւ ձեր գործընկերներին, շատ հաճելի է ձեզ հետ աշխատել մեր հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Դժվար ժամանակներ են տարբեր ուղղություններում, դժվար ժամանակներ են նաեւ Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ուժեղ եւ իսկական բարեկամ ու գործընկեր ունեք՝ ի դեմս ԱՄՆ-ի»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է Բլինքենը։