Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ մասնակիցներին ցուցադրվեցին տեսանյութեր, որոնցում արձանագրված են ոստիկանների կողմից բռնության կիրառման դեպքեր։ Ցուցարարները վանկարկեցին «Ոստիկանները Նիկոլ չեն», «Ամո՛թ»։ Տեսանյութի ցուցադրումից հետո ելույթ ունենալով՝ Դիմադրության շարժման համակարգող, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դրանք «ոստիկանական համազգեստով մի քանի ասկարների» գործողություններ են։
«Ոստիկանության հետ բախման ժամանակ ցուցարարներից մեկի ձեռքում ոստիկանական ուսադիրներ են հայտնվել։ Մտադիր եմ այս ուսադիրները հիմա ոստիկանությանը հանձնել, քանի որ ներկայիս ընդդիմությունը հարգում է պետության խորհրդանիշները եւ չի զբաղվում երկրի ավերմամբ, ինչպես արել են գործող իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից` չնայած չդադարող անձրևին, խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել: Փակվել են մի շարք փողոցներ: Երեկ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ Փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել։
Հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում։ Հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:




























