Ընդդիմադիմության առաջնորդներն ու քաղաքացիները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան սկսել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։ Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ են փակվել, որոշ գործողությունների մասնակցում են նաև ընդդիմության առաջնորդները։
«Առանց թուրքի Հայաստան», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին, քշենք վերջին թուրքին» վանկարկումներով իրականացվում են ակցիաներ։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկհայտ է, որ այսօր մասշտաբներն ավելի մեծ են․«Ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, ցանկանում ենք փողոց փակել, բայց արդեն բոլոր փողոցները փակ են, բռավո մեր հայրենակիցներին, ու սա մաբողջ Հայաստանում է այսպես։ Ժողովուրդը ոտքի է հելնում օրեցօր»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:




























