Մեր հայրենակիցներն անընդհատ միանում են մեր ակցիաներին, օրվա իշխանությանը ցույց ենք տալիս, որ իշխանությունն արդեն փողոցում է, րոպե առաջ հրաժարական տուր, գնա: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացրել են Երևանում. «Սա այլանդակություն է։ Այսօր, կարծեմ, արդեն 250 հոգու բերման են ենթարկել, բայց չեն կարողանում, ինչքան բռնում են, այնքան շատանում ենք։ Երևանն արդեն փողոցում է, այս պահին 15-20 ուղղութամբ երթեր են։ Այլևս ամեն ինչ ավարտված է։ Պարզապես ոստիկանները հասկանան, որ չեն կարող Նիկոլին պահել ու վերջ դնեն այս ապօրինություններին»։
Սաղաթելյանի խոսքով, մինչև ծնկի չբերեն, չհասնեն Փաշինյանի հրաժարականին, կշարունակեն իրենց ակցիաները։
Հարցին՝ իսկ եթե հրաժարական չտա՞, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Չի կարող»։
Նրա խոսքով, երևի չեն զեկուցում, թե քանի մարդ է մասնակցում իրենց ակցիաներին, որպեսզի նոր հրահանգներ չտա. «Ասում էին՝ ժողովուրդը չի ուզում, որ գնա։ Սա ժողովուրդ չէ՞։ Ամբողջ Երևանը, Հայաստան ոտքի է կանգնել։ Ինչքա՞ն կարող են ճնշել»։
Նշենք, որ ընդդիմադիմության առաջնորդներն ու քաղաքացիները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան սկսել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։ Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ են փակվել, որոշ գործողությունների մասնակցում են նաև ընդդիմության առաջնորդները։
«Առանց թուրքի Հայաստան», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին, քշենք վերջին թուրքին» վանկարկումներով իրականացվում են ակցիաներ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։
Նշենք նաև, որ երեկ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր:




























