ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն այսօր բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներին կոչ արեց իրենց նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին լուսանկարել։
«Որ պահին նկատում եք, որ ոստիկանները, հատկապես կարմիր ու սև բերետավորները որևէ բռնություն են գործադրում, որևէ գործողություն են իրականացնում, մեկ առ մեկ լուսանկարում եք դեմքերը։ Ազգն իր «հերոսներին» պետք է ճանաչի», - հայտարարեց Մանուկյանը:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։




























