2022թ․ առաջին անգամ Հայաստանի կուսակցությունների հաշվետվություններն աուդիտի կենթարկվեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ նիստում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանրապետության արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։
Այսպիսով, «Կուսակցությունների մասին» օրենքի նոր տարբերակով նրանց ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահսկողությունը ԿԸՀ համապատասխան ծառայությունից փոխանցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Մասնավորապես, Հանձնաժողովը ստուգելու է հաշվետվությունների բովանդակությունը եւ այնտեղ նշված տվյալների ճշգրտությունը։ Բյուջեի մասով հայտարարագրերը պետք է ներկայացնեն ոչ միայն կուսակցությունները, այլ նաեւ անհատական կարգով ղեկավար մարմինների ներկայացուցիչները։ Այս հայտարարագրերը կստուգվեն նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ «Վերահսկողություն իրականացնելու նպատակով հանձնաժողովում կստեղծվի նոր բաժին։ Այն համալրված կլինի ավտոմատ կառավարման համակարգերով։ Ավարտվում է նաեւ իրավական դաշտի ձեւավորումը»,-ասաց Թումանյանցը։
Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, նախատեսվում է անցկացնել աուդիտորական ընկերությունների մրցույթ, որոնք կստուգեն այդ հաշվետվությունները։ Կներդրվի նաեւ դիմորդի ինստիտուտ։ Դիմորդը պետք է հայտարարագրեր ներկայացնի։ Նրանից կպահանջվի նաեւ կապ հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ: «Ներկայումս հստակեցվում է աուդիտորական ընկերությունների ընտրության կարգը, հաշվետվության բովանդակությունը եւ այլ հարցեր»,-ասաց նա։
Առանձին ստուգվելու է նաեւ պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների հաշվետվությունը։ Այս բարեփոխումները, ըստ Երանուհի Թումանյանցի, կուսակցությունների իրավական կարգավիճակի լայնածավալ փոփոխությունների մաս են կազմում։ Մասնավորապես, դրանք այլեւս չեն կարողանա ֆինանսավորվել որեւէ ձեռնարկության կամ օտարերկրյա կազմակերպության կողմից։ Սահմանափակված է նաեւ մեկ մասնավոր անձի ֆինանսավորման առավելագույն ծավալը։ Միեւնույն ժամանակ, կուսակցությունների աջակցության ընդհանուր հատկացումները կավելանան գրեթե 5,5 անգամ, իսկ ֆինանսավորման շեմը 3 տոկոսից կնվազի մինչ ձայների 2 տոկոսը, որոնք ստացվել են վերջին խորհրդարանական ընտրություններում։




























