Մեր քաղաքացիները՝ ինքնակազմակերպվելով, խմբեր են կազմել եւ դուրս եկել իրենց բողոքն արտահայտելու՝ պահանջելով գործող իշխանության հրաժարականը։ Այս մասին մայիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով մարզերում նախաձեռնված ակցիաներին՝ նա նշեց, որ այս պահին փակ է նաեւ Սեւան-Վարդենիս ճանապարհը։ «Կոտայքի, Լոռու, Արարատի, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում միջպետական ​​ճանապարհները փակ են։ Քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ մասնակցելու բողոքի ակցիաներին»,-հավելեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ վաղ առավոտից քաղաքացիները փակել են Երեւանի 20-ից ավելի փողոցներ։

«Անհնազանդության ակցիաները շարունակվում են»,-հավելեց Սաղաթելյանը։