Հայաստանում այս տարվա մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4 տոկոս, ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0 տոկոս, սակայն ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով վերաֆինանսավորման մասին ԿԲ խորհրդի որոշումը, որով անփոփոխ է թողնվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25 տոկոս:
«Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Սա բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,- ասել է Գալստյանը:
Նրա խոսքով՝ 2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել են ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: «Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման ուղղությամբ»,- նշել է նա:
Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս թողնել անփոփոխ: «ԿԲ խորհուրդը հետևողական է համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին։
Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,– ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:





























