Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և հանուն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգության այսօր ևս շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները Շենգավիթ վարչական շրջանում ինքնակազմակերպվել և փողոց են փակել:

«Այս ակցիան որևէ կապ չունի ո՛չ «Հայաստանի» ո՛չ «Պատիվ ունեմ»-ի հետ։ Այս ակցիան մենք ենք կազմակերպել։ Մենք դեմ ենք այս իշխանություններին, դեմ ենք, որ մեր երկիրը հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին։ Ովքեր դեմ են այս ակցիաներին, իրենք կողմ են որ մեր երկիրը հանձնեն ադրբեջանցիներին: Մեր ակցիայի նպատակն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»,-ասաց ճանապարհ փակած քաղաքացիներից։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։