Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը:
«Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։





























