Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։