2011թ.-ի հուլիսի 28-ին Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության ժյուրին հայտարարել է այս տարվա «Պատվո ժապավենի» (Ruban d’Honneur) արժանացած ընկերությունների ցանկը`ընդգրկելով այդ ցուցակում նաեւ «Բյուրակն» ՍՊԸ հայկական կազմակերպությունը:

Մրցանակաբաշխության առաջին փուլում ընտրվել էին ներկայացուցիչներ 28 եվրոպական երկրներից: «Բյուրակն» ՍՊԸ-ն, որի ներքո հանդես են գալիս «Արզնի», «Այգ», «Պապա Կառլո», «Այգի» ապրանքանիշները, AG Electronics, AG Plast եւ AG Print, արժանացել է «Պատվո ժապավեն»-ին «Նախագահի Ընտրություն» անվանակարգում. ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով ընկերության առաջադեմ բիզնես-մոդելը եւ  վերջին 12 ամիսների ընթացքում իրականացված նախագծերը:

«Մեզ համար մեծ պատասխանատվությունն էր մասնակցել այս պատվավոր մրցանակաբաշխությանը եւ ներկայացնել Հայաստանը, քանի որ այս մրցույթին են ներկայանում Եվրոպական զարգացած երկրների խոշորագույն բիզնեսներ: Հպարտ ենք ընդունել «Պատվո ժապավեն» մրցանակը. սա տարիների եւ մի մեծ թիմի ժրաջան աշխատանքի արդյունքն է»,- մեկնաբանեց  «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Աֆանդյանը:

«Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստացել ենք մեծ քանակությամբ հայտեր ընկերությունների կողմից, որոնք մեծ «կրքով» են վերաբերվում իրենց բիզնեսին: Այնուամենայնիվ, շատ քչերն են ստանում հնարավորություն «կրելու» իրենց երկրի դրոշը եւ մրցելու ողջ Եվրոպայում, որպեսզի ճանաչվեն ԵՄ-ի առաջատար ընկերություններից մեկը»,- հայտարարել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն Էդրիան Թրիփը:

«Նախագահի Ընտրություն» անվանակարգում առաջադրված ընկերություններն հրավիրված են ներկա գտնվելու նոյեմբերի 22-ին Բարսելոնայում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության տոնական ընդունելությանը, որի ընթացքում կհայտարարվեն բոլոր կատեգորիաների հաղթողները: Այս միջոցառմանը կմասնակցեն Եվրոպայի առաջատար բիզնես լիդերներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որը հիասքանչ հնարավորություն է նոր գործարար շփումների եւ կապերի: Բիզնես ֆորումի ընթացքում կքննարկվեն կարեւոր հարցեր ԵՄ-ում բիզնեսի զարգացման եւ հաջողության հասնելու վերաբերյալ:

Նշենք, որ European Business Awards մրցանակաբաշխությունը HSBC բանկի կողմից հովանավորվող ծրագիր է, որի  նպատակն է գործարար աշխարհին ներկայացնել հաջողակ բիզնեսի օրինակներ, ինչպես նաեւ նշանավորել եւ քաջալերել կազմակերպությունների եւ անհատների հաջողություններն ու նորարարությունները: