Մենք շատ-շատ ենք։ Մեր պայքարը շարունակելու ենք ու անպայման հաջողություն ենք ունենալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակից դեպի ԱԺ երթի մեկնարկին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Իսկ մինչ այդ նա երթի մասնակիցներին հիշեցրեց, որ այսօր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հայտարարություններ են տարածել, իբր պայքարի մասնակիցները պատրաստվում են գրոհել ԱԺ շենքը։

«Մենք մի բռուցք ենք, ուժ ենք, բայց մենք որևէ կերպ նման նպատակ չունենք։ Ինչո՞ւ են նման հայտարարություն տարածել, որպեսզի կարողանան պահել այն մարդկանց հոսքը, որ գալիս ու միանում են համաժողովրդական շարժմանը, փորձելու են անպայման սադրել։ Խնդրում եմ բոլորը շատ ուշադիր լսեն։ Որևէ մեկը ինքնագլուխ որևէ քայլի չի գնում։ Եթե շարքերում նկատում եք մարդկանց, որ փորձում են սադրել, ասում են, պետք է գնանք էս շենքը գրավենք, քայլեր ձեռնարկենք, այդ մարդկանց անմիջապես հանձնում եք ոստիկաններին»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Դիմելով ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ Վանեցյանը հայտարարեց, շարունակում են խաղաղ անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, մինչև հասնեն նպատակին։

«Հիմա երթով շարժվում ենք դեպի ԱԺ, ընթացքում լսում եք կազմակերպիչներին։ Ինքնագլուխ քայլերով փչացնելու եք պայքարը։ Շարքի դիմացից գնում է ընկեր Իշխան Սաղաթելյանը»,-ասաց Վանեցյանը։

Դրանից հետո առաջարկեց բռունցքները բարձրացնել ու հայտարարել, որ պահանջատեր են, հասնելու են իրենց նպատակին։

Երթի մեկնարկից առաջ մասնակիցները վանկարկեցին «առանց թուրքի Հայաստան» ու  շարժվեցին խորհրդարանի շենք «Զարթիր, Լաո» երգի ներքո։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: