Քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, իբր Երևանում փակ ճանապարհ չկա. ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:
Սիրելի ժողովուրդ, միացեք այս պայքարին, տեր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։





























