Հաշվի առնելով նոր գործընթացները եւ ռիսկերը նվազեցնելու նպատակով որոշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կապ չունեցող անկախ ընկերություն (CMT Intenational-ը) ներգրավել: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հայտնեց, որ որոշման նախկին տարբերակով որպես օպերատոր պետք է հանդես գար ՀԿԵ-ն։ «Վրացական կողմի զեղչերը 25 տոկոսն են կազմել, Ռուսական երկաթուղիներինը՝ 50 տոկոս, ՀԿԵ-ինը՝ 30 տոկոս։ Լաստանավերի չվացուցակը կհրապարակվի երկու շաբաթվա ընթացքում»,- հավելեց Քերոբյանը։

Նախարարը պարզաբանեց, որ նոր գործընթացների մասին խոսելիս նկատի ունի ռազմական գործընթացները տարածաշրջանում, որոնք պատժամիջոցների եւ լրացուցիչ ռիսկերի հանգեցրին։

Ավելի վաղ Քերոբյանը հայտնեց, որ հունիսի 15-ից կսկսվեն կանոնավոր լաստանավային փոխադրումները Փոթի (Վրաստան) - Կովկաս (Ռուսաստան) նավահանգիստների ուղղությամբ եւ շաբաթական երկու անգամ՝ հակառակ ուղղությամբ՝ 40 վագոններով եւ բեռնատարների համար 50 տեղով։