Բանակից եւ զորակոչից խույս տվածներին փնտրեք ձեր շրջապատում: Այս մասին մայիսի վեցին Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորներից մեկի նախաձեռնությունը:
Պաշտպանության եւ անվտանգության հարցով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող կուսկացության անդամ Անդրանիկ Քոչարյանը դիմել էր իրավապահներին՝ խնդրելով ստուգել՝ չկան արդյոք ընդդիմության շարժման մասնակիցների թվում զորակոչից խուսափած անձինք: Պատգամավորն առաջարկել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել հնարավոր իրավախախտներին բացահայտելու ուղղությամբ:
«Այդ մարդիկ չեն հասկանում, որ ծառայությունը Զինված ուժերում, մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին պատիվ է, եւ մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության հարցն է: Այդ մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ, իսկ ծառայությունը բանակում եւ եռամսյա հավաքները՝ որպես սպառնալիք եւ շանտաժ: Դա ձեզ մոտ է այդպես: Դա ձեր ընկալումն է, եւ ձեր էությունը: Մեզ համար բանակը սրբություն է: Մեզ համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է»,- ասել է Աբրահամյանը:





























