Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Կարմիր հրապարակում հնչել են «Ուշադրություն, խոսում եւ ցուցադրում է Մոսկվան, լսեք եւ դիտեք Կարմիր հրապարակը։ Ի նշանավորումն 1941-1945թթ. Մեծ հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակի՝ սկսվում է Հաղթանակի զորահանդեսը» ավանդական խոսքերը։

«Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո Պրեոբրաժենյան գնդի պատվո պահակի գումարտակի խումբը հրապարակ է բերել Ռուսաստանի եւ Հաղթանակի դրոշները՝ 1945թ. 150-րդ Իդրիցյան դիվիզիայի կողմից Ռեյխստագի վրա բարձրացված կարմրաձող դրոշը։ Ռուսաստանի եւ Հաղթանակի խորհրդանշաններն անցնում են տրիբունաների եւ շքերթի հաշվարկների առջեւով։

Կենտրոնական տրիբունայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները եւ միջոցառման հյուրերը։ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը գլխավորում է շքերթը, նրան ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Զորահանդեսին պատրաստ լինելու նախարարի զեկույցից հետո գլխավոր հրապարակի տրիբունայից ռուսաստանցիներին է դիմում պետության ղեկավարը։

Հաղթանակի զորահանդեսը բացում են քայլերթով անցնող հաշվարկները։ Այս տարի  Կարմիր հրապարակի սալահատակով անցնում են զորահանդեսային «ուղղանկյունները», որոնց կազմում են զորամիավորումների եւ զորամասերի  սպաներ, սերժանտներ եւ զինվորներ, ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիրներ եւ կուրսանտներ, սուվորովյան, նախիմովյան ուսումնարանների եւ կադետական կորպուսների սաներ, «Պատանի բանակ» համառուսական շարժման մասնակիցներ, ինչպես նաեւ ԱԻՆ-ի «Ռոսգվարդիա»-ի եւ Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ զորքերի ու Համառուսաստանյան կազակական միության ստորաբաժանումները։ Քայլերթով անցնելու է մոտ 11 հազար մարդ։