«Դիմադրության» շարժման երթի մասնակիցները փակել են Սեբաստիա փողոցը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ իրենք տեղեկացել են, որ Նոր Նորքից Քանաքեռ Զեյթուն շարժվող երթի մասնակիցների նկատմամբ բռնություն է կիրառվել, բերման են ենթարկել ցուցարարներին, եի մինչեւ թույլ չտան իրենց ընկերներին շարունակել իրենց երթը, իրենք կփակեն փողոցը և կաթվածահար կանեն երթևեկությունը:
Ցուցարարները արդեն բացել էին ճանապարհը, բայց տեղի ունեցավ տարաձայնություն ցուցարարների և ոստիկանների միջև: Որոշ ժամանակ անց ցուցարարները շարունակեցին իրենց քայլերթը:
Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երեւանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։





























