Թուրքիայի ազգային հակաօդային պաշտպանության Siper համակարգի նոր փորձարկումները տեղի կունենան մոտ ապագայում, հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Siper համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մոտ ժամանակներս նոր հրաձգություններ կիրականացվեն»,- ասել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ չհստակեցնելով այս համալիրի շահագործման ժամկետը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին ՀՕՊ համակարգերի նշանակությունը երկրի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Siper համակարգը նախատեսվում էր թուրքական բանակի կողմից մարտական հերթապահության փոխանցել 2023 թ.։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները նաեւ հայտարարել էին, որ այն կարող է այլընտրանք դառնալ ռուսական «Ս-400»-ին եւ ամերիկյան Patriot-ին։





























