Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն՝ ներկայացնելով նախագիծը նշեց. «Ձեզ եմ ներկայացնում շատ կարևոր փաստաթուղթ ՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Սա իր կարևորությամբ պետության առաջնային փաստաթղթերի հնգյակում է, նույնիսկ Սահմանադրությունից հետո: Հեղափոխությունից հետո եղել են բազմաթիվ ձեռքբերումներ, որոնք, ցավոք սրտի, չեն եղել այնքան, որքան պահանջվել է, որովհետեւ կոռուպցիան եղել է եղակի կայացած ինստիտուտներից մեկը:

Այս ռազմավարության մեջ  շատ օբյեկտիվ ախտորոշված են պետական կառավարման համակարգի բոլոր խնդիրները բոլոր հարթություններում, եւ տրված են հնարավոր բոլոր լուծումներ: Դրանք տրված են փուլերով, առաջին փուլը 2022-2024 թթ, երկրորդ փուլը 2023-2027 եւ երրորդը՝ 2028-2030 թվականներին»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ, ըստ ռազմավարության, աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու, որից առաջինը՝ հանրային ծառայությունն է: Ըստ Անդրեասյանի՝ մյուս խնդիրը մարդկային ռեսուրսներն են:

«Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նախարարաը և հավաստիացրեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում:

Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաեւ ինստիտացիոնալ արդիականացմանը՝ նշելով. «Շատ հաճախ քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին 4-րդ ուղղություն քաղաքականության ռազմավարական պլանավորումն է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար: