Շուրջ երեք ամիս Թալինում ավագանու նիստերի չգումարման պատճառով, այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության որոշմամբ՝ համայնքի ավագանին լուծարվեց, ավագանին լուծարվեց, ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին։
NEWS.am-ի հետ զրույցում Թալինի արդեն նախկին համայնքապետ Տավրոս Սափեյանը վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։
« «Քաղաքացիական պայմանագիրը», վստահաբար, ձայների մեծամասնությունն է ստանալու։ Հաղթանակը լինելու է «Քաղաքացիական պայմանագրինը»։ Այս պահին չեմ կարող ասել՝ կուսակցությունն ինձ կառաջադրի որպես համայնքապետի թեկնածու, թե՝ ոչ, սակայն ես մեծ սիրով կառաջադրվեմ նման ընտրության պարագայում։ Սա պայքար է մեր եւ ընդդիմադիրների միջեւ, եւ ես պայքարը կիսատ չեմ թողնելու»,- ասաց Սափեյանը։
Տավրոս Սափեյանը համաձայն չէ այն տեսակետին, որ իշխանությունը միտումնավոր ձգձգեց համայնքում ավագանու նիստերի անցկացումը, որպեսզի լինեն արտահերթ ընտրությունների համար։
«Մեր գումարած ավագանու երկու նիստերին իրենք ներկա չեն եղել։ Դրանից հետո ես իրենց հետ քննարկման եմ գնացել սուբվենցիոն ծրագրերի համար, իրենք խոսում էին տեղակալների պաշտոնների մասին։ Ես առաջարկեցի՝ քանի որ համայնքում կա 21 մանդատ, մեկ ավագանին թող լինի չեզոք, իրենք գնացին մտածելու եւ այդպես էլ չվերադարձան։ Հիմա ո՞րն է այստեղ իշխանության մեղավորությունը։ Իշխանությունը գործոն չունի։ Իրենք որոշեցին մասնակցել նիստերին, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր, եւ չկար որեւէ լիազորություն ավագանու նիստ գումարելու»,- նշեց Սափեյանը։
Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է խոշորացնել մի քանի համայնքներ, այդ թվում՝ 29 բնակավայրից կազմված Թալինը։ Այսինքն՝ եթե անգամ ավագանու նիստերը գումարվեին, համայնքում, միեւնույն է, լինելու էին նոր ընտրություններ։
Տավրոս Սափեյանը սա եւս դիտավորություն չի համարում․ «Ես խոշորացվող համայնքներում կարելի է ասել շատ ծանոթներ չունեմ, ինձ համար անծանոթ համայքներ, այնպես որ դա ինչ չի կարող օգնել նոր ընտրություններում»։
Լուծարված ավագանիում «Զարթոնք» խմբակցության ղեկավար Մնացական Մնացականյանը եւ ավագանու չկայացած նիստերում, եւ համայնքի խոշորացման մեջ իշխանության դիտավորությունն է տեսնում՝ համայնքում մեծամասնություն ստանալու համար։
«Ամեն ինչ էլ հատուկ է արվում, որտեղ որ իրենց թեկնածուն չի անցել, համայնքներ են միացրել, խնդիրներն այդ ձեւով են կարգավորում։ Ուզում են իրենց կուսակցության անդամներին առաջադրել որպես համայնքապետի թեկնածու, որտեղ իրենց հարմար է, ոնց հարմար է։ Ես գիտեմ, որ համայնքը պետք է ձեւավորվի մեծամասնության կողմից, եթե համայնքապետը չունի մեծամասնություն, ուրեմն՝ նրա այնտեղ մնալն անիմաստ է»,- ասաց Մնացականյանը։
Մնացականյանի խոսքով՝ կորցրած ամիսների արդյունքում համայնքը շատ է տուժել, որովհետեւ որեւէ աշխատանք համայնքում չի իրականացվել։
Մնացականյանը հայտնեց, որ կմասնակցի ընտրություններին, սակայն ինչ ձեւաչափով՝ դեռ չգիտի․ «Բնականաբար, մասնակցելու ենք ընտրություններին, բայց հնարավոր է արդեն այլ կերպ, որովհետեւ տարածքները մեծանալու են»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել։
Ավագանու անդրանիկ նիստում ՔՊ-ն առաջադրել էր Տավրոս Սափեյանի, ընդդիմադիր կոալիցիան «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը։ Տավրոս Սափեյանն ստացել էր 11 կողմ ձայն, իսկ Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Սափեյանն ուներ 10 մանդատ, սակայն իր օգտին կողմ էր քվեարկել նաեւ «Հայք» խմբակցությունից Կարեն Գրիգորյանը, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետեւաբար, ՔՊ-ի 10 ձայնը բավարար չէր ավագանու նիստեր գումարելու համար:
Իշխող խմբակցության գումարած ավագանու նիստերին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել։ Միայն ապրիլի 5-ին «Զարթոնքը» եւ «Մեր համայնքը» նախօրեին՝ ապրիլի 5-ին, հայտարարել էին ավագանու նիստերին երեք ամիս անց մասնակցելու որոշման մասին։
NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Թալին համայնքապետ Տավրոս Սափեյանը նշեց, որ ավագանու նոր նիստեր չեն գումարվի։
Հավելենք, որ Ազգային ժողովի՝ ապրիլի 1-ին արտահերթ գումարված նիստում ընդունվեց ՏԻՄ օրենքում փոփոխություն կատարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Ըստ փոփոխության՝ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
- Թալինի ավագանին առաջիկայում կցրվի․ իշխանությունը կնշանակի ԺՊ՝ աղմկահարույց օրենքի շնորհիվ
- Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Թալինի ավագանու լիազորությունները. Կլինեն նոր ընտրություններ





























