Այսօր` հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Պետական դումայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը: Բացի հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականներից՝ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ռուսաստանում այդ երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ Բյուլ Օղլին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաեւ ադրբեջանցի պատգամավորների Ղարաբաղ մեկնելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ նմանատիպ նախորդ հանդիպումից հետո ադրբեջանցի խորհրդարանականները՝ Փոլադ Բյուլ Բյուլ Օղլիի գլխավորությամբ, ժամանել էին ԼՂՀ եւ հանդիպել նրա ղեկավարների, այդ թվում՝ ԼՂՀ նախագահի հետ: