Ադրբեջանական կողմը շարունակում է օգտագործել ցանկացած, այդ թվում` մատացածին պատճառներ,  ազգային խտրականության խորացման  եւ «ատելի թշնամի հայի» կերպարի ձեւավորման ուղղությամբ:

Հարեւան երկրում քարոզչական արտադրանքի հերթական նմուշ է  հրապարակվել «Էխո» թերթում ` «Ինչու է Հայաստանը ձերբակալում Վրաստանի ադրբեջանցիներին. վրաց-հայկական սահմանին միջադեպ է տեղի ունեցել» բարձրագոչ-ողբալի վերնագրով: Քարոզչական այս գլուխգործոցը պատկանում է ոմն Տ. Ռաֆիկօղլուի գրչին:

Էությունը հետեւյալն է.  Թազաքենդ գյուղից ադրբեջանցի երեխաների մի խումբ լողացել է Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ Դեբեդ գետում:  Պետսահմանը խախտողներին ձերբակալել են եւ որոշ ժամանակ անց բաց թողել: Միաժամանակ պարզվել է, որ սահմանամերձ գետում լողալու դեպքը եզակի չէ:

Ահա թե այդ կապակցությամբ ինչ է ասում Հեյդար Ալիեւի անվան համալսարանի վրացերենի եւ վրաց գրականության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Նազակեթ Աշիղովան. «Սահմանապահները հաճախ են բռնում մեր գյուղի բնակիչներին, հետո բաց թողնում: Գյուղի երեխաներն ամեն օր,  հայ երեխաների հետ լողում են այդ գետում: Հետո սահմանպահները սահմանի խախտման անվան տակ կալանավորում եւ տանում մեր մարդկանց»:

Հիշեցնենք, որ  խոսքը սահմանամերձ Դեբեդ գետի մասին է, որտեղ հասկանալի պատճառներով  խորհուրդ չի տրվում լողալ: Սակայն երեխաներին ոչ սահմանները, ոչ ազգային պատկանելությունը չի հետաքրքրում, եւ նրանք միասին լողում են...

Ինչպես խոստովանում է հեղինակը, «միջադեպի» առնչությամբ մեկնաբանություններ չի հաջողվել ստանալ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից: Փոխարենը բավականաչափ «մեկնաբանություններ» են եղել լուն ուղտ սարքել փորձող քաղաքագետներից եւ փորձագետներից:

Անվտանգության հարցերով փորձագետ Քյամիլ Սալիմովը կարծում է, որ ակնհայտ է «էթնիկ թշնամանքը»: Այստեղ  հնարավոր չէ չհիշել սիրված ֆիլմի հերոսի`«տուժածի նկատմամբ անձնական թշնամանք»-ի մասին դիտարկումները: Հետո արդեն պրն Սալիմովը  տուրք է տալիս  «հավաքագրման», «լրտեսության» մասին ֆանտազիաներին:

Փոքր-ինչ ավելի իրատեսական է գտնվել փորձագետ Ուզեիր Ջաֆարովը. «Հայկական կողմը վերցրել է երեք ադրբեջանցիների, ովքեր հետո բաց են թողնվել: Գյուղը սահմանամերձ է եւ նույնը կարող են անել վրացի սահմանապահները հայերի նկատմամբ»:  «Եթե դա մտածված լիներ բարձր մակարդակով, չեմ կարծում, որ  այդ երիտասարդները բաց կթողնվեին. հակառակ դեպքում այդ միջադեպը մեծ հակամարտության կվերածվեր»,-նշել է նա:

«Փորաձագետնեին» իրականություն վերադարձնելու համար կցանկանայինք նշել, որ լողալը Դեբեդում, ինչպես նաեւ ցանկացած այլ սահմանամերձ գետում,  գնահատվում է որպես սահմանի խախտում: Ինչ վերաբերում է Թազաքենդի պատանիների, ապա, բարեբախտաբար, հայ եւ վրացի սահմանապահների միջեւ այդ տեսակի սահմանախախտներին վերադարձնելու մասին պայմանավորվածություն կա: Բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանի կամ Վրաստանի քաղաքացիները, անզգուշաբար կամ մոլորված կենդանիներին գտնելու համար անցել են սահմանը եւ հաջողությամբ վերադարձվել հայրենիք: