Շիրակի մարզում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը, որի արդյունքները գոհացուցիչ են: Եթե անցած տարի մարզում հացահատիկի բերքատվությունը 1 հեկտարից միջին հաշվով կազմել է 23 ցենտներ, ապա այս տարի հասնում է մինչեւ 25 ցենտների, վստահեցնում է Շիրակի մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Մարզում մինչ օրս հնձվել է շուրջ 20 հազար հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություն:
2011թ-ին հացահատիկի համախառն բերքը կազմում է մինչեւ 85 հազար տոննա, 5 հազար տոննայով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Այս տարի բերքն առավել պաշտպանված էր` մարզում գործում է 29 հակակարկտային կայան, սակայն լիարժեք պաշտպանվածության համար մարզին անհրաժեշտ է եւս 30 նոր կայան:
Գյուղացու հիմնական բողոքը դիզվառելիքի թանկացման ու կոմբայներների հետ է կապված: Մարզում առկա 303 կոմբայնից 70-ը շարքից դուրս են եկել, մնացածն էլ մաշված են, որի հետեւանքով բերքի մոտ 20 տոկոսը կորստի է մատնվում:
Շիրակի մարզը, մեքենաների մաշվածության պատճառով, պարզ մաթեմատիկական հաշվարկներով բերքահավաքին կրում է շուրջ 2 մլդ դրամի կորուստ: Իսկ Շիրակի մարզի մեքենատրակտորային պարկը հացահատիկահավաք նոր մեքենաներով համալրելու գործում սայլը տեղից չի շարժվում:




























