«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» շահառու ընտանիք Աթաբեկյանները երկար տարիներ տնակում բնակվելուց հետո, վերջապես տանտեր են դարձել եւ տեղափոխվել իրենց նոր բնակարան:
«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ Աթաբեկյանների ընտանիքը ունեցել է կյանքի բարդ ուղի: Անհաջողությունները հաջորդել են մեկը մյուսին։ Նման դեպքերում ասում են «դաժան ճակատագիր». նրանք ապրում էին շատ վատ պայմաններում. ժանգոտ եւ հին մետաղյա տնակում(դոմիկ):
«Մենք շատ վատ պայմաններում էինք ապրում, եւ ես նույնիսկ մտածում էի, որ ի վիճակի չենք լինի մեծացնել երկրորդ երեխային, բայց նույնիսկ գումար չկար աբորտ անելու համար, եւ լավ է, որ չկար», - ասում է Լորետան՝ գրկելով փոքրիկ Միլենային:
Նախքան դոմիկ տեղափոխվելը Աթաբեկյաններն ապրել են կյանքի համար վտանգավոր պայմաններում. մի բնակարանում, որտեղ ամբողջ գիշեր արթուն են մնացել, որպեսզի պաշտպանեն երեխաներին կարիճների խայթոցներից Բայց ընտանիքի հոր բանվորի աշխատանքով վաստակած չնչին գումարով անհնար էր հոգալ ընտանիքի ծախսերը եւ միեւնույն ժամանակ տուն կառուցել:
Սա էլ բավական չէր. ինչպես ասում են դժվարություններն ու անհաջողությունները երբեք էլ միայնակ չեն գալիս. դպրոցական ամանորյա հանդեսի ժամանակ բենգալյան կրակի կայծը ընկել էր նրանց դստեր՝ Դիանայի սինթետիկ զգեստի վրա՝ այրելով 8 ամյա Դիանայի մարմնի 45%-ը։
Բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, բայց ոչ մի հույս չէին տալիս Աթաբեկյաններին, որ երեխան կհաղթահարի ճգնաժամը եւ ողջ կմնա: Նա երեք վիրահատություն է տարել եւ Բոստոնի համայնքի բարեսիրտ մարդկանց աջակցության շնորհիվ ողջ է մնացել:
Աթաբեկյաններին «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնին» ներկայացրել է «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը, որը մինչ այդ զբաղվում էր ընտանիքի առողջական եւ կենցաղային խնդիրներով:
«Ինձ թվում է սա երազ էր, որ իրականացավ»,-ասում է Լորետան՝ ընտանիքի մայրը։ Այժմ արդեն հետեւում է մնացել անկայուն կյանքը վարձակալած բնակարանում կամ մետաղյա տնակում:
Բոստոնի հայկական համայնքի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աջակցությամբ Աթաբեկյանների 4 հոգուց բաղկացած ընտանիքն արդեն իր սեփական տունն ունի:
«Ֆուլեր Տնաշինական կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել եւ վերանորոգել պարզ, հարմարավետ եւ մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաեւ իրականացնելով տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց եւ գործելու մղում:




























