Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ավելացման հնարավորությունը Վաշինգտոնի եւ Էր-Ռիադի հարաբերությունների կենտրոնական հարցը չէ՝ չնայած ներկայիս էներգետիկ ճգնաժամին եւ վառելիքի գների կտրուկ աճին։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Սաուդյան Արաբիա նախատեսված այցի ծրագրերին վերաբերող հարցերին։

«Ես աում եմ՝ դա ուշադրության կենտրոնում չէ, դա օրակարգում չէ: Դա կորոշի ՕՊԵԿ+ [ասոցիացիան], որում, իհարկե, նախագահում է Սաուդյան Արաբիան։ Մենք պարզապես ուզում ենք շատ պարզ հասկացնել դա»,- ասել է ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Էր Ռիադի կողմից սեւ ոսկու արդյունահանման ավելացման հեռանկարները։

Ընդ որում, Ժան Պիերը վստահեցրել է, որ Բայդենի առաջիկա այցը բավականին կոնկրետ արդյունքներ կբերի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի համար։ Թե ինչում են դրանք կայանալու, մամուլի քարտուղարը չի պարզաբանել. «Ինչպես նախագահը ուրբաթ հայտարարեց, նա կարծում է, որ իր խնդիրն է փորձել խաղաղություն հաստատել այնտեղ, որտեղ կարող է: Այս այցերն Իսրայել եւ Սաուդյան Արաբիա, երբ դրանք տեղի ունենան, կկատարվեն ամերիկյան ժողովրդի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի համար նշանակալի շոշափելի արդյունքների համատեքստում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Նախագահն ուշադրությունը հիմնականում կենտրոնացնում է նրա վրա, թե ինչպես է իր փոխգործակցությունն օտարերկրյա առաջնորդների հետ առաջ մղում ԱՄՆ շահերը,- ասել է Ժան-Պիերը:- Դա նույնքան ճիշտ է Սաուդյան Արաբիայի համար, որքան եւ մյուս երկրների»: Նրա խոսքով՝ Բայդենը «մերձարեւելյան տարածաշրջանի առաջնորդների հետ շփվելու հնարավորություններ կփնտրի»։