Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել ՀԱԿ-ի` նախօրեին ոստիկանների կողմից ծեծի ենթարկված եւ ձերբակալված ակտիվիստներին, նաեւ անաչառ հետաքննության արդյունքում պատժել բռնություն գործադրողներին ու շինծու քրեական գործ սարքողներին:

Իրավապաշտպանների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ` Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Արդեն այսօր` օգոստոսի 10-ին, հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկվելուց առաջ եւ հետո երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են բռնությունների ու ծեծի, ինչի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության շենքում բռնության է ենթարկվել անգամ երիտասարդների փաստաբաններից մեկը:

Կեղծված ընտրությունների արդյունքում իշխանությունը զավթած խմբավորումը  երկիրն, ըստ էության, վերածել է ոստիկանական պետության: Օրենքը չի գործում: Ոչ ոք պաշտպանված չէ: Իսկ նրանք, ովքեր փորձում են պաշտպանել իրենց, առավել եւս, այլոց իրավունքները,  հայտնվում են թիրախի կարգավիճակում: Սա է պատճառը, որ այս երիտասարդները այդքան հաճախ ոստիկանների կողմից բռնությունների են ենթարկվում, ձերբակալվում ու կալանավորվում են:

Մենք` իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք Կոնգրեսի երիտասարդ յոթ ակտիվիստների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը եւ նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում սկսելու փորձերը:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլորին եւ անաչառ հետաքննության արդյունքում պատժել բռնություն գործադրողներին ու շինծու քրեական գործ սարքողներին»:

Հայտարարությանը միացել են «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը, «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» հ/կ-ի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հույս հ/կ-ն: