Չինաստանում հնագետները «յուե»-ի՝ հին չինական պատժի պոտենցիալ վկայություն են հայտնաբերել:
Acta Anthropologica Sinica-ում հրապարակված հոդվածում ներկայացված է պատժիչ անդամահատման առաջին լավ ուսումնասիրված դեպքը, որը կարեւոր տեղեկություններ եւ արժեքավոր տվյալներ է ներառում Հին Չինաստանի քրեակատարողական համակարգի եւ սոցիալական սովորույթների հետագա հետազոտման համար:
Հետազոտությունը կմախքի վերլուծություն էր ներառում, որը հայտնաբերվել է Չժոույան գերեզմանոցում հյուսիս-արեւմտյան Շենսի նահանգում: Այդ վայրում, որը Չժոու քաղաքակրթության ծննդավայր է համարվում, ավելի վաղ մեծ քանակությամբ տարաներ, դամբարաններ եւ ոսկորներ էին հայտնաբերվել:
«Յու»-ն, անդամահատման այլ ձեւերի հետ միասին, ավելի քան 1000 տարի լայնորեն որպես պատիժ էր օգտագործվում Հին Չինաստանում, մինչ այն չեղարկվեց մ.թ.ա. 200 թվականին:
Չնայած մնացորդները հայտնաբերվել են 1999 թ. սկսված պեղումների ժամանակ, ոսկորների հետազոտությունն ավելի վաղ առաջնահերթություն չէր, քանի որ հնագետներն ավելի շատ կենտրոնացել էին արտեֆակտների որոնման վրա:
Կենսաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ անդամահատման պատճառը հիվանդությունը կամ վնասվածքը չէր։ Հաղորդվում է, որ զոհը ոտքի անդամահատումից հետո ապրել է եւս առնվազն հինգ տարի:
3000 տարվա մնացորդների ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են անդամահատված աջ ոտքով 30-ից 35 տարեկան մի կնոջ, ինչը վկայում է ենթադրյալ հանցագործության լրջության մասին։ Կմախքի մյուս մասերի ոսկրային խտությունը եւ կառուցվածքը բացառել են հավանականությունը, որ կինը տառապել է այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են շաքարախտը, բորոտությունը կամ քաղցկեղը:
Կա «յու» պատժի շատ կարեւոր դրույթ. ձախ ոտքը կտրում էին թեթեւ իրավախախտումների համար, աջ ոտքը՝ ծանր:
Նրանք, ովքեր պատժվում էին, հիմնականում անդամահատումից մահանում էին, իսկ փրկվածները ստիպված էին ապրել նախապաշարմունքների եւ հալածանքների մեջ։





























