Օգոստոսի 16-ից սկսած, մեկ ամիս շարունակ Շիրակի մարզի տարբեր քաղաքներում ու շրջաններում կիրականացվեն աչքի անվճար վիրահատություններ: Ծրագիրը բարեգործական է, իրականացնողը «Ռոջեր Օհաննիսյան» առողջապահական կազմակերպությունը: Բարերար բժիշկները կշրջեն իրենց մեքենաներով ու վիրահատություններ կիրականացնեն անվճար հիմունքներով: Շիրակի մարզի բնակիչներն այս նախաձեռնությունից օգտվելու համար կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներին կամ առողջապահության վարչություն: Ստուգումը եւ գրանցումը եւս անվճար է:

«Շատերն են դիմում աչքի վիրահատության համար, հատկապես  տարեցները, մենք ի վիճակի չենք բոլորին պետպատվերի գործուղում տալ, շատերը կարգ չունեն, նպաստառու չեն, բայց փորձում ենք օգնել: Այս ծրագիրը կօգնի անվճար վիրահատվել»,-մեկնաբանել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա ասել է նաեւ, որ նախկինում էլ բարեգործական այդ կազմակերպությունն աշխատել է Շիրակի մարզում, բայց ինչ-որ անախորժություններ են եղել նախկին մարզպետ Լիդա Նանյանի հետ եւ նրանք հեռացել են մարզից:

«Բարերարների հետ մարզի նախկին ղեկավարությունը նախապայմանների լեզվով է խոսել: Նրանք 12 մետր երկարության ավտոբուս ունեն եւ վիրահատությունները ավտոբուսում են կազմակերպում: Այդ մարդկանց ասել են, թե ավտոբուսը Գյումրիում պիտի կանգնի, ոչ թե` Ախուրյանում: Հիմա մեզ համար միենույն  է` որտեղ կվիրահատեն` Գյումրիում, Աշոցքում, թե` Ամասիայում, կարեւորը, որ մեր ժողովրդին օգնում, անվճար վիրահատում են»,-ասել է Շիրակի մարզի առողջապահության վարչության պետը: