Գյումրիում շատերի համար ամսական 50 հազար դրամ եկամուտը երազանքի պես բան է:
«Ամսական 50 հազար դրամ ունենամ, տունս կլցնեմ ու որեւէ խնդիր չեմ ունենա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի բնակիչ Անահիտ Մանուկյանը, ում ընտանեկան բյուջեն ընդամենը 26 հազար դրամ է կազմում: «Էդ 26 հազար դրամով ապրում ենք` ես, մայրս, երկու անչափահաս երեխաներս: Ուրիշ եկամուտ չունեմ»,-ասել է նա:
Անահիտ Մանուկյանը չի աշխատում: Նրա ամուսինը 2 տարի առաջ մեկնել է արտագնա աշխատանքի ու այլեւս ընտանիք չի վերադարձել: «Ասում են` ամուսնացել է, չգիտեմ, հիմա ես եմ պահում երկու երեխաներիս` նպաստով»,- նշել է երիտասարդ կինը:
Նա նաեւ օրականով աշխատում է , բայց միշտ չէ, որ աշխատանք է պատահում: «Բուրդ եմ անում, լվացք եմ անում, քաղհան: Ինչ պատահի անում եմ, բայց հիմա էլ գործ չկա, սեզոնը փակվել է, չգիտեմ ինչ եմ անելու»,-պատմել է Անահիտ Մանուկյանը: Նրա աղջիկը սեպտեմբերի մեկին դպրոց է գնալու, սակայն մայնը նույնիսկ ի վիճակի չէ դպրոցական պայուսակ կամ համազգեստ գնելու:




























