Մեծ Բրիտանիայում 55 լիտրանոց բենզաբաքի արժեքն առաջին անգամ գերազանցել է 100 ֆունտը (մոտ 125 դոլար), տեղեկացրել է BBC-ն։
Բրիտանական RAC ավտոսպասարկման ընկերության գնահատականների համաձայն՝ չորեքշաբթի օրվանից, չէթիլավորված մեկ լիտր բենզինի1,82 ֆունտ (2,28 դոլար) միջին գնի պայմաններում, վարորդները ստիպված են վճարել 100,3 ֆունտ՝ մեքենան լրիվ լիցքավորելու համար։ Դիզելային շարժիչներով մեքենաների համար այդ գումարը կկազմի 103,4 ֆունտ (129,48 դոլար), քանի որ դիզվառելիքի մեկ լիտրի միջին գինը թագավորությունում հասել է 1,88 ֆունտի (2,35 դոլար)։ Գների աճը շարունակվում է՝ չնայած բրիտանական կառավարությունը 5 փենսով կրճատել է վառելիքահարկը մինչեւ 2023թ. մարտ։
«Լիցքավորման գները նորից ռեկորդ են սահմանում, եւ մեկ լիտր բենզինի գինը արագ մոտենում է 2 ֆունտին։ Մենք կառավարությանը կոչ ենք անում վճռական միջոցներ ձեռնարկել՝ մեղմելու համար աննախադեպ գնաճի հետեւանքները»,- նշվել է RAC-ի տարածած հաղորդագրությունում։
Մեկ տարում բենզինի միջին արժեքը Միացյալ Թագավորությունում ավելացել է 40 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 43 տոկոսով։ Վերջին երեք ամիսներին վառելիքի արժեքն ավելացել է ավելի քան 20 տոկոսով, ինչը լրջորեն է անդրադառնում գնաճի մակարդակի վրա։ Ապրիլի արդյունքներով տարեկան գնաճը Մեծ Բրիտանիայում բարձրացել է 9 տոկոսով՝ ամենաբարձր ցուցանիշը 40 տարում, իսկ Անգլիայի բանկի գնահատականներով՝ տարեվերջին այդ ցուցանիշը կգերազանցի 10 տոկոսը։ Ավելի վաղ Լոնդոնի Տնտեսական եւ բիզնես-հետազոտությունների կենտրոնը զեկույց էր հրապարակել, որտեղ նախազգուշացրել էր, որ Մեծ Բրիտանիան վտանգում է բախվել կենսամակարդակի ամենազգալի անկմանը 1950-ականներից ի վեր։





























