«Ժառանգություն» կուսակցությունը բողոքի հայտարարություն է տարածել կապված կրպակների հարկադիր ապամոնտաժման եւ փոքր բիզնեսի ոչնչացմանը ուղղված իշխանությունների գործողությունների առնչությամբ, որտեղ սթափության կոչ է ուղղում երկրի վարչապետին եւ քաղաքապետին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ձեր իմացությամբ եւ հրահանգով Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարությունն անցել է կրպակների հարկադիր ապամոնտաժման գործողությունների,, որոնք ուղեկցվում են կրպակների տերերի եւ նրանց աջակցող բնակչության հանդեպ բռնություններով: Տարիներ շարունակ այդ քաղաքացիները բարեխիղճ վճարել են հարկեր եւ տուրքեր եւ այդ գործունեության հաշվին պահել են ոչ միայն իրենց, այլեւ այլոց ընտանքիները: Նրանցից շատերը շարունակում են զինվորներ տալ հայոց բանակին ու պաշտպանությանը: Մինչդեռ այսօր պետության կողմից պաշտպանված լինելու փոխարեն նրանք հայտնվել են կատարյալ անպաշտպան վիճակում եւ նրանց աշխատանքից զրկելու որոշում կայացնողը քաղաքապետն է, ով ի պաշտոնե պարտավոր է լինել քաղաքում սոցիալական ապահովության երաշխավորը: Համատարած գործազրկության եւ դրա հետեւանքով չդադարող զանգվածային արտագաղթի առկայության պայամաններում փոքր բիզնեսի խավը ներկայացնող կրպակատերերին ապրուստի միջոցից զրկելու ձեր քայլերին այլ որակում, քան պետական շահերի դավաճանություն, դժվար է տալ, եւ հետեւաբար մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել այդ գործողությունները:
Ինչ վերաբերում է քաղաքի գեղագիտությանը, ապա ստիպված ենք ձեզ հիշեցնել, որ «Ժառանգությունն» է, որ բողոքող բնակիչների հետ շարունակ պայքարում է ձեր դեմ հենց այդ գեղագիտության պահպանման եւ քաղաքը շնչահեղձ անող եւ այլանդակող կառույցների շինարարությունը դադարեցնելու համար: Եթե դուք մտածում եք քաղաքի տեսքի եւ բնապահպանության մասին, ապա սկսեք ապամոնտաժումը ձեր եւ ձեր շրջապատին պատկանող կառույցներից. Դրանք են. ռեստորաններ եւ տարբեր համալիրներ Հրազդանի կիրճում, Օպերայի այգում, Օղակաձեւ եւ մյուս զբոսայգիներում, հսկայական խանութներ` ուղղակիորեն կառուցված մայթերի վրա,, բարձրահարկ շինություններ բնակելի շենքերի բակերում եւ այլն: Այդ հանցագործ շինարարությունը այսօր ոչ միայն շարունակվում է այլեւ նոր թափ է առնում նոր նախագծերով:
Դուք ընտրված եք ոչ թե տարածք կառավարելու, այլ մարդկանց ու հասարակությանը ծառայելու, նրանց խնդիրներին ականջալուր լինելու ու դրանք լուծելու համար: Յուրաքանչյուր այսպիսի քայլ մի նոր պատուհան է բացում երկրից արտագաղթողների նոր խմբերի համար: Եթե մայրաքաղաքի բարեկարգման համար այսօր այսպիսի մեծ գին պետք է վճարենք, ապա այդպիսի բարեկարգումը ոչ մեկին պետք չէ: Արդարությունը եւ պարկեշտությունը պահանջում է, որպեսզի քաղաքի բարեկարգումը դուք սկսեք քաղաքը ազատելով ձեր եւ ձեր շրջապատին պատկանող օբյեկտներից եւ ոչ թե այն խավից, ով ձեր պաշտպանության կարիքն ունի եւ բոլորովին պատասխանատու չէ երկրում կառավարման ձախողման եւ համատարած գործազրկության համար: Դիմում ենք ձեզ սթափության կոչով` ակնկալելով ողջամտություն, որպեսզի էլ ավելի չխորացնեք սոցիալական լարվածությունը, առկա անջրպետը հասարակության ու իշխանությունների միջեւ` վտանգելով մեր պետականության հիմքերը»:




























