Տարիների մեծ պատմություն, հոգիներ ցնցող երաժշտություն ու կարեւոր գրառումներ․ «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում հունիսի 15-ին պաշտոնապես բացվեց «Արամ Խաչատրյան» համարը, որտեղ ներկայացված է լեգենդար հայ կոմպոզիտորն՝ իր շնչով ու ստեղծագործությամբ։ Այսուհետ հյուրանոցի օտարազգի հյուրերը, ամրագրելով համարը, եւս հնարավորություն կունենան ծանոթանալու մեծանուն հայ կոմպոզիտորի անմահ ժառանգությանը։

Սա առաջին դեպքը չէ, որ «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցն իր լյուքս սենյակները պատվում է նշանավոր հայերի անուններով։ Հյուրանոցում արդեն գործում են Եղիշե Չարենցի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի անուններով համարներ։ Այս մեծերի անունները պատահական չեն ընտրված՝  բոլորն էլ տարբեր տարիներին հանգրվանել են հենց «Երեւան» հյուրանոցում։

«Հյուրանոցը հպարտ է այն անցյալով, որը կապված է նման անունների հետ, որոնցից մեկն է նաեւ Արամ Խաչատրյանը, եւ մենք նպաստելու ենք նրանց լեգենդար ուղու շարունակությանը՝ նրանց հիշատակը վառ պահելով»,-նշում է «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի տնօրեն Նիկոլլա Մանդոլլինին,-«Կարող եմ ասել, որ այս սենյակը թանգարան է, որտեղ կարելի է ապրել։ Սենյակը ստեղծելիս համագործակցել ենք «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի հետ, եւ այսօր հնարավորություն ենք տալիս մեր այցելուներին ապրելու մի վայրում, որը կհիշեցնի թանգարանի․ այս սենյակը հենց դրանով է յուրահատուկ»,-հավելում է նա։

Դեռ 30-ական թ-երին, երբ այցելում էր Հայաստան, Արամ Խաչատրյանը հանգրվանում էր հենց «Երեւան» հյուրանոցում, որի մասին պատմել է, նույնիսկ, հարազատներին գրած նամակում։ «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ասում է, որ սենյակում հյուրերը կծանոթանան նաեւ այլ պատմությունների՝ կապված մաեստրոյի՝ այցերի հետ․

«Այս սենյակը բացելու գործընթացը սկսել էինք դեռեւս մի քանի ամիս առաջ։ Երբ հանդիպեցինք պարոն Մանդոլլինիի հետ, իր գաղափարը, իհարկե, ես սիրով կիսեցի, եւ մենք սկսեցինք մեր աշխատանքը։ Մի կողմից դժվար է ներկայացնել մաեստրոյին մեկ սենյակում, մյուս կողմից՝ այստեղ խոսում են նրա կախարդական հնչյունները, որոնց այցելուները կարող են ծանոթանալ  QR կոդերի միջոցով, որոնք նշված են նկարների կողքին։ Խաչատրյանական ոգին ու երաժշտությունը զետեղված են այս սենյակում։ Ես անչափ շնորհակալ եմ «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի տնօրինությանը, աշխատակազմին, որոնք ջանք չեն խնայել, որպեսզի Արամ Խաչատրյանի շունչը լավագույնս ներկայացված լինի այս համարում»։

«Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցը կառուցվել է 1926-1928 թ-երին Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով, եւ հայտնի է դարձել «Երեւան» անունով։  Բացման օրվանից հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների, որոնց թվում են, օրինակ, Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գուրգեն Մահարին, Փանոս Թերլեմեզյանը, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Ակսել Բակունցը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները եւ այլք։

1935 թ-ին Արամ Խաչատրյանը «Պեպո» ֆիլմի երաժշտությունը ստեղծել է «Երեւան» հյուրանոցում։ Իսկ, երբ մաեստրոն կրկին ժամանել էր Երեւան՝ «Զանգեզուր» ֆիլմի երաժշտությունը գրելու, 1937 թ-ին իր ազգականներին ուղղված նամակում նշել է, որ ինքը եւ կինը՝ կոմպոզիտոր Նինա Մակարովան, բնակվում են «Երեւան» հյուրանոցի շատ հարմարավետ երկսենյականոց համարում, որտեղ ռոյալ կա եւ հիանալի պայմաններ՝ ստեղծագործելու եւ հյուրեր ընդունելու համար։

Հյուրանոցի տնօրենի խոսքով՝ պատվավոր հյուրերի անուններով սենյակներ ունենալու գեղեցիկ ավանդույթը շարունակական բնույթ կկրի։