Լոս-Անջելեսում գործող «Հայ քաղաքացիական հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսի 3 ակտիվիստների կալանավորման վերաբերյալ` արձանագրելով, որ վերջիններս քաղբանտարկյալներ են:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օգոստոսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք՝ Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանությունը բռնություն է կիրառել, այլ քաղաքացիների իրավունքները վերջիներիցս պաշտպանող, Հայ Ազգային Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի նկատմամբ: Բռնություններ են կիրառվել նաեւ ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունների կասեցմանը դիմած՝ Կոնգրեսի համակիրներ Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի, Վահագն Գեւորգյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրիմիջյանի նկատմամբ: Այնուհետեւ ոստիկանության պատասխանատուների կողմից բոլոր երիտասարդները առեւանգվել են եւ տեղափոխվել ոստիկանություն, քանի որ նրանց նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բերման ենթարկելու կամ ձերբակալելու կարգը:

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը ուսումնասիրելով վերոնշված միջադեպը հայտնաբերել է, որ ոստիկանության աշխատակիցները շարունակել են խախտել ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքները նրանց առեւանգելուց եւ ոստիկանությունում անազատության մեջ պահելու վայրում՝ ոստիկանությունում:

- Նախ, ոստիկանության պատկան մարմինների կողմից արգելվել եւ չի ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն՝ բռնությունների եւ ծեծի ենթարկված երիտասարդներին,

- Երկրորրդ, դատավարական ձեւակերպում չեն ստացել նրանց վնասվածքները,

- Երորրդ, ի տարբերություն ոստիկանության աշխատակցի բռնության եւ ծեծի ենթարկված երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության,

- Չորրորդ, խախտվել է նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերող փաստաբանների դատավարական իրավունքները, նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն,

- Հինգերորրդ, փաստաբաններին առժամանակ զրկել են ազատությունից, ապօրինաբար նրանցից մեկից օտարել նրա գույքը՝ հեռախոսը,

- Վեցերորրդ, առեւանգված երիտասարդների վերաբերյալ ընդունվել է ձերբակալման մասին որոշում՝ փաստաբանների գործին ներգրավումը մերժելու պայմաններում,

- Յոթերորրդ, չի պահպանվել դատավարական օրենսգրքով նախատեսված մրցակցության սկզբունքը, քանի որ տուժող եւ իրավունքի պաշտպանությունից զրկված կողմը հնարավորություն չի ունեցել եւ չունի նույն լրատվամիջոցներով պատասխանելու իրեն առաջադրվող մտածածին եւ իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներին:

“Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը բազմիցս հայտարարել է, որ հայաստանյան իրավապահ մարմինների կողմից իրականացվող ցանակացած հետապնդում ունի այլ նպատակներ եւ քայքայում է ՀՀ սահմանադրական կարգը, խարխլում պետականության հիմքերը, քանի որ այն չի իրականացվում ՀՀ Սահմանադրությամբ եւ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով:

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը հայտարարում է, որ ոստիկանության համազգեստ կրող անձանց գործողությունները իրականացվել են ՀՀ Սահամանադրության եւ օրենսդրության նորմերի կոպիտ խախտումներով, ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվել եւ շարունակում են իրականացվել քաղաքական հետապնդումներ:

Վերոնշված պնդման վառ ապացույցն է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ-ի ձերբակալված 7 ակտիվիստներից 3-ի` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ, ոստիկանության կողմից պարտադրված երկամսյա կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու փաստը:

Մյուս 4 ակտիվիստների` Արեգ Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի Դավիթ Քիրամիջյանի նկատամբ կիրառվել են քաղաքական հետապնդման այլ ձեւեր, նրանց ազատ են արձակել կասկածյալի կարգավիճակով, իսկ Վահագն Գեւորգյանին` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ:

Գործի միակողմանի եւ ոչ օբյեկտիվ հետաքննության արդյունքում, հարուցված կեղծ քրեական գործի շրջանակներում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի` խուլիգանության եւ 316 հոդվածի առաջին մասի` պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով:

Ելնելով վերոգրյալներից

1. «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը Կոնգրեսի ակտիվիստներ, ՀՀ քաղաքացիներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին եւ Սարգիս Գեւորգյանին ճանաչում է, որպես քաղբանտարկյալներ:

2. Կոչով դիմում է բոլոր անհատներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին պահանջելու հայաստանյան իշխանություններից անհապաղ ազատ արձակելու ՀՀ քաղբանտարկյալներին եւ պատասխանատվության ենթարկելու իրական օրինախախտներին: