Արցախի զինված ուժերը մշտապես գտնվում են մարտունակ վիճակում եւ պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու յուրաքանչյուր ոտնձգության: Այդ մասին օգոստոսի 12-ին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ ասուլիսը նվիրված էր

ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:

Ռազմական գերատեսչության ղեկավարը համառոտ անդրադարձել է անցած երկու տասնամյակների ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումներին, նրա դերին ու վաստակին անկախության պահպանման եւ ամրապնդման գործում, ներկայացրել է հետպատերազմյան բանակաշինության առանձնահատկություններն ու ներկա ժամանակահատվածում իրականացվող գործընթացները:

«Հետպատերազմյան ժամանակահատվածում բանակը իր սուրը չդրեց պատյան, հասկանալով, որ վերջնական խաղաղության համար, հարկավոր էր խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Արցախի միջեւ, որը դեռեւս կնքված չէր, եւ սկսվեց զարգացման նոր փուլ: Այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել բարձրացնելանձնակազմի կրթական ցենզը, ստեղծել հրամանատարների փոխարինման բազա, որովհետեւ պատերազմին մասնակցած սպաների հիմնական մասը այժմ արդեն հանդիսանում են թոշակառու, եւ մենք այս աշխատանքները կատարել ենք, որպեսզի կարողանանք նրանց փոխարինողը պատրաստենք: Այս ժամանակահատվածում զգալիորեն փոխվել է նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի որակական եւ քանակական վիճակը»,- ասել է նա:

Ըստ նախարարի, անցած տարին եւ 2011-ի առաջին կիսամյակը ԼՂՀ զինված ուժերում հայտարարված է բարեփոխումների տարի: «Այսօրվա բանակի մարտական պոտենցիալը մոտավորապես ավելացել է քսան տոկոսով, որը բոլոր տարիների համեմատ մեր ամենամեծ առաջընթացն է,եւ սա շարունակական է լինելու»,- նշել է նա: