Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որում նշել է, թե վերջինիս կայացրած վերջին որոշումը, ըստ որի ապամոնտաժվել եւ դեռ ապամոնտաժվելու են Երեւան քաղաքում գործող եւ չգործող հազարավոր կրպակներ, երկրում հերթական սոցիալական լարվածությունն է առաջացնում:
«Կրպակների ապամոնտաժումն ուղեկցվում է ոստիկանական տեռորով, թաղապետարանների որոշ աշխատակիցների գռեհիկ պահվածքով: Դուք հայտարարում եք, թե կրպակները խաթարում են Երեւան քաղաքի տեսքը: Այո, համաձայն ենք, սակայն մի՞թե Ձեր պայքարը Երեւանի անաղարտ տեսքի համար պետք է սկսել ամենաչքավոր խավից:
Ի՞նչ է, Երեւանի արտաքին տեսքին չե՞ն խանգարում նախկինում կառուցված անճոռնի «էլիտար շենքերը», որոնք ոչ մի կապ չունեն եւ չեն էլ ունենա Երեւան քաղաքի ճարտարապետական տեսքի հետ:
Եթե իսկապես Դուք եւ Ձեր աշխատակիցները Երեւանը «տեսքի բերելու» խնդիր եք դրել Ձեր առջեւ, ապա կարող եք սկսել հենց այդ անիմաստ շենքերից: Իսկ չքավոր մարդու, շարքային աշխատավորի դեմ պայքարելը, նրանց հացի կարոտ եւ ընչազուրկ թողնելն այնքան էլ մեծ խիզախություն չէ, մանավանդ եթե հաշվի առնենք այն վարչական ռեսուրսը, որին Դուք տիրապետում եք»,- նշել են հնչակյանները:
Երիտասարդները կոչ են արել դադարեցնել այս արշավը, որն «առանց հացի է թողնելու եւս մի քանի հազար հոգու, ովքեր ապագայում, ուզեն կամ չուզեն, բռնելու են արտագաղթի ճանապարհը: Իսկ բարեկարգ Երեւան` առանց Երեւանի բնակիչների, ոչ մեկին պետք չէ»:




























