Հայաստանի անասնաբուծության ոլորտում նկատվում են անասնագլխաքանակի ավելացման կայուն միտումներ: Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 1,5 հազար, խոզերինը` 3,5 հազար, իսկ ոչխարներինը եւ այծերինը` գրեթե 23 հազար գլխով:

2011 թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 47,1 հազ. տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 3,3 տոկոսով ավելի, 364,2 հազ. տոննա կաթ (նախորդ տարվանից գրեթե 1 տոկոսով ավել) եւ 429,2 մլն ձու: Դրական տեղաշարժերը հուսալի նախադրյալներ են 2011 թվականին նախորդ տարվանից բարձր ցուցանիշներ ապահովելու համար` թե անասնագլխաքանակի, եւ թե անասնաբուծական մթերքների արտադրության ծավալների ավելացման առումով:

Նախնական հաշվարկներով, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում տավարի գլխաքանակը կկազմի շուրջ 535 հազար գլուխ (նախորդ տարվանից 2,5 հազարով ավել), խոզերինը` գրեթե 120 հազար (5,2 հազարով ավել), իսկ ոչխարներինը եւ այծերինը` կգերազանցի 600 հազար գլխի սահմանագիծը (նախորդ տարվանից շուրջ 29 հազարով ավել):

Գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ միայն անասնագլխաքանակի ավելացման շնորհիվ 2011 թվականին նախորդ տարվանից ավելի կարտադրվի գրեթե 3,0 հազար տոննա միս եւ մսի արտադրության տարեկան ծավալը կհասնի 127,0  հազար տոննայի: Կաթի արտադրությունը կավելանա 8-9 հազար տոննայով եւ կկազմի 610 հազար տոննա: