Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն պահանջում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեից ներողություն խնդրել այն արտահայտության համար, որ «Մինչեւ 1915 թ. (ներկայիս Թուրքիայի տարածքում) գործող քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը դեռեւս գործում են որպես եկեղեցիներ»:
Օգոստոսի 15-ին ANCA-ի ղեկավար Քեն Խաչիկյանը պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին ուղղված նամակում նշել է, որ դեսպանի մի շարք մեկնաբանություններ արտահայտում են Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրա ձգտումը:
Իր նամակում Խաչիկյանը կոչ է անում Պետքարտուղարությանը եւ դեսպան Ռիկարդոնեին պաշտոնապես հրաժարվել հայտարարությունից եւ ընդունել, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեկան եկեղեցիների մեծամասնությունը պղծված են, քանդված կամ գողացված Օսմանյան կայսրության կառավարության եւ Թուրքիայի հանրապետության կողմից: ANCA-ն նաեւ կոչ է անում դեսպանին ներողություն խնդրել իր բառերի համար:
Նշենք, որ ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործել են ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչեւ 1915 թ., այսօր գործող են մոտ 50-ը:




























