Հայաստանի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւս երեք ակտիվիստների, որոնց օգոստոսի 12-ին ազատ էին արձակել ժամանակավոր պահման մեկուսարանից:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ Իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, այսօր` օգոստոսի 16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժին են հրավիրվել Արեգ Գեւորգյանը, Սահակ Մուրադյանն ու Դավիթ Քիրամիջյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ ՀԱԿ ակտիվիստները օգտվել են քրեադատավարական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքից, հրաժարվել են ցուցմունք տալուց եւ որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:
Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:
Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 12-ին Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել, իսկ մյուսներին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ: Ակտիվիստ Վահագն Գեւորգյանին օգոստոսի 12-ին էին մեղադրանք առաջադրել:




























