Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ափսոսանք է հայտնել, որ Արեւմուտքը չի կարող՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու նպատակով ռազմական միջամտություն ունենալ Ուկրաինայի պատերազմում, գրում է Deutsche Welle-ն։

«Ես կցանկանայի խոստանալ, օրինակ, որ մենք երաշխավորում ենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի այն տարածքներից, որոնց շուրջ մարտեր են ընթանում: Բայց մենք չենք կարող դա ապահովել։ Նման խոստումը պետք է ապահովվի ռազմական միջոցներով»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ Der Spiegel-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ լավ արտաքին քաղաքականություն ունենալ նշանակում է սառը գլխով մտածել նույնիսկ այն ժամանակ, երբ կրծքավանդակումդ ամեն ինչ եռում է:

«Հանդուրժել, երբ ոչինչ չես կարող անել, երբեմն արտաքին քաղաքականության դաժանությունն է», - հավելել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: