Արեւի լույսն առանձնահատուկ կերպով է ազդում տղամարդկանց վրա՝ ստիպում է նրանց ավելի շատ ուտել եւ գիրանալ: Ըստ Nature Metabolism գիտական հրապարակման՝ նման բացահայտում են արել նոր հետազոտության հեղինակները՝ Իզրեելի հովտում Մաքս Շտերի քոլեջի, Թել Ավիվի համալսարանի, Նյու Յորքի համալսարանի Լանգոն բժշկական կենտրոնի եւ Մորտիմեր Ցուկերմանի վարքագծի եւ ուղեղի ինստիտուտի աշխատակիցները։
Գիտնականները կենտրոնացել են ախորժակի կարգավորման հետ կապված կենսաբանական գործընթացների ուսումնասիրման վրա։ Այստեղ ներգրավված են այնպիսի հորմոններ, ինչպիսիք են լեպտինը եւ գրելինը, որոնք ուղեղին հայտնում են, թե երբ է օրգանիզմին պետք ուտել:
Նախկինում գիտությունը պարզել էր, որ գրելինի արտազատման համար պատասխանատու է ոչ միայն ստամոքսը, այլեւ մաշկը՝ միացությունն արտահայտված է դերմայում, հիպոդերմայում եւ էպիդերմիսում։ Նոր հետազոտության հեղինակները ենթադրել են, որ հենց մաշկն է էներգիայի հոմեոստազի հիմնական միջնորդը, եւ որոշել են պարզել, թե ինչպես է արեւի լույսն ազդում ախորժակի վրա։
Մասնագետները պարզել են, որ մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տղամարդիկ ավելի շատ են ուտում, քան տարվա ցուրտ ժամանակ։ Սակայն կանանց հետ կապված չի հաջողվել կապ գտնել ախորժակի եւ տարվա սեզոնի միջեւ: Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը փոխում է արու կրծողների վարքագիծը՝ ստիպելով նրանց սնունդ փնտրել։ Ամբողջ հարցը, ինչպես պարզել են գիտնականները, գրելինն է, որն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ սինթեզվում է օրգանիզմում։





























