Գերմանիայում գտնվող ամերիկացի զինվորականներին արգելվել է գիշերը լքել բազան եւ ժամանակավորապես արգելվել է ալկոհոլի օգտագործումը, հայտնում է CNN լրատվականը եւ հավելում, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Նյուրնբերգում հինգ զինվորական մեղադրվել են հարբած վիճակում սկուտեր վարելու համար:

Եվրոպայի հարցերով ԱՄՆ բանակի մամուլի խոսնակ Ջոն Թոմասին նշել է, որ հինգ զինվորականներին ալկոհոլի թույլատրելի սահմանաչափը գերազանցելու կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել: Նա հավելել է, որ բանակը հետաքննում է միջադեպը:

Ըստ Թոմասիի՝ Առաջին զրահատանկային բրիգադի ողջ մարտական ​​թիմին, որում ընդգրկված է մոտ 3000 զինվոր, հրամայվել է գիշերը չլքել բազան, եւ արգելվել է ալկոհոլի օգտագործումն այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ ստորաբաժանումը չի սովորել գերմանական օրենքները։