Գիտնականները հեռավոր գալակտիկայից լսվող «տարօրինակ եւ մշտական» ռադիոազդանշան են հայտնաբերել, որը նման է սրտի բաբախյունին: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետները հայտնաբերել են ազդանշան, որը դասակարգվում է որպես FRB (ռադիոյի արագ պայթյուն), սակայն տեւում է շատ ավելի երկար:

Սովորաբար FRB-ն, որը ռադիոալիքների հզոր պոռթկում է, տեւում է մի քանի միլիվայրկյան: Նոր ազդանշանը սակայն մինչև երեք վայրկյան տեւողություն է ունեցել, ինչը միջինից մոտ 1000 անգամ ավելի երկար: FRB-ի աստղաֆիզիկական ծագումն անհայտ է:

Նորահայտ ազդանշանը կրկնվել է 0,02 վարկյան հստակ օրինաչափությամբ՝ գրեթե սրտի բաբախման նման:

Ազդանշանը ստացվել է հեռավոր գալակտիկայից, որը գտնվում է Երկրից մի քանի միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Կանադայի Մք Գիլ համալսարանի հետազոտողները, ովքեր հրապարակել են ազդանշանի ուսումնասիրությունը, այն անվանել են FRB 20191221A:

Առաջին FRB-ն հայտնաբերվել է 2007 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր տիեզերքում հարյուրավոր նման ռադիոպոռթկումներ են գրանցվել:

Նոր ռադիոպոռթկման աղբյուրն անհայտ է, սակայն գիտնականները կարծում են, որ այն կարող է առաջանալ ռադիոպուլսարից կամ մագնետարից, որոնք երկուսն էլ նեյտրոնային աստղեր են: