NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Բուրաք Բեքդիլի հոդվածը` հրապարակված թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ում:

Ելույթներից մեկում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ «Թուրքիան ու Իրանը կիսում են շատ երկար ընդհանուր պատմություն», իսկ մեկ այլ ելույթում նշեց, որ «Թուրքիայի եւ Սիրիայի կարգախոսն է ընդհանուր ճակատագիրը, ընդհանուր պատմությունը եւ ընդհանուր ապագան»: Նույն բանը Դավութօղլուն հայտարարել է նաեւ Հունաստանի համար, նաեւ Լիբիայի համար, երբ Բենգազիի ապստամբները վանկարկում էին «Էրդողան, Թուրքիա, մուսուլմաններ»:

Թուրքիայի հետ ընդհանուր պատմություն եւ ապագա ունեցող երկրներից մեկը Անկարայից պահանջում է չմիջամտել Սիրիայի գործերին, նույնիսկ, պահանջում է չզինել ահաբեկիչներին: Այդ ամենի հետեւանքով քաղաքական աղբարկղում է հայտնվել Լիբանանի, Սիրիայի եւ Հորդանանի հետ Թուրքիայի առանց վիզայի ռեժիմը:

Թուրքիայի հետ ընդհանուր պատմություն եւ ապագ ունեցող մեկ այլ երկիր սահմանին 120 կիլոմետրանոց գոտի է փորում: Հարավային կղզիաբնակները, որոնց հետ մենք նույնպես ընդհանուր պատմություն եւ ապագա ունենք, շարունակում են վետո դնել Եվրամիությանն անդամակցելու վրա:

Բուլղարացիներին, հայերին եւ վրացիներին ժպտացել է հաջողությունը, որ Թուրքիայի հետ չունեն ընդհանուր պատմություն եւ ապագա: Բոսնիացիների դեպքում ավելի լուրջ է: Դավութօղլուն շուտով այցելելու է Սարաեւո եւ այդ այցը կարող է ռիսկի ենթարկել Բոսնիայի հետ Թուրքիայի հարաբերությունները, եթե նախարարը հիշեցնի ընդհանուր պատմության եւ ապագայի մասին: Տագնապահարույց էր, երբ Դավութօղլուն հայտարարեց, թե 16-րդ դարը Բալկաններում ոսկե դար էր, եւ օսմանյան դարաշրջանը պետք է վերադառնա այնտեղ: Բալկանցի մի վերլուծաբան վերջերս գրել էր, որ Թուրքիան գնահատված կլինի այժմյան գործերով, ոչ թե 400 տարի առաջ արածով:

Սակայն ինձ հատկապես անհանգստացնում է Եգիպտոսը, որը Թուրքիայի հետ չնչին ընդհանուր պատմություն ու ապագա ունի եւ Մուբարաքից հետո ամեն վայրկյան կարող է հիշել իր հակաօսմանյան անցյալի մասին: