100 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Չինաստանի հարավ-արեւմուտքում, այն բանից հետո, երբ սրատես այցելուն նկատել է դրանք ռեստորանի բակի ներսում, տեղեկացրել է CNN-ը։

Լեշանի (Սիչուան նահանգ) ռեստորանում մի քանի քարե փոսերում հայտնաբերվել են երկու զաուրոպոդի հետքեր։ Դրանք վաղ կավճի դարաշրջանի դինոզավրեր են, տեղեկացրել է պալեոնթոլոգ, Չինաստանի համալսարանի երկրաբանական գիտությունների դոցենտ Լիդա Սինը։

Զաուրոպոդները, որոնք հայտնի են իրենց երկար վզով եւ պոչով, ամենամեծ կենդանիներն են եղել, որոնք երբեւէ քայլել են Երկրի վրա։ Նրանք կարող էին հասնել երեք դպրոցական ավտոբուսի երկարության, եւ այնքան ծանր էին, որ գետինը, հավանաբար, ցնցվել է նրանց ոտքերի տակ։

Սինի խոսքով՝ հետքեր թողած երկու զաուրոպոդները, հավանաբար, ունեցել են մոտ 8 մետր երկարություն։