Ավստրալիայի իշխանությունները ձեռնարկություններին կոչ են արել թույլ տալ աշխատակիցներին տնից աշխատել՝ կորոնավիրուսի հերթական ալիքի պատճառով։ Բացի այդ, խորհուրդ է տրվում փակ տարածքներում դիմակներ կրել եւ շտապ խթանիչ պատվաստումներ կատարել խոշոր բռնկման ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Ավստրալիան գտնվում է Omicron-ի երրորդ ալիքի տիրույթում՝ պայմանավորված նոր բարձր փոխանցվող ենթատարբերակներով՝ BA.4 եւ BA.5, ընդ որում, վերջին յոթ օրվա ընթացքում գրանցվել է ավելի քան 300.000 դեպք: Իշխանություններն ասում են, որ իրական թվերը կարող են կրկնակի անգամ շատ լինել:
Վարչապետ Էնթոնի Ալբանեզը դիմադրում է ճնշումներին՝ նպատակ ունենալով վերականգնել կոշտ սահմանափակումները վիրուսի տարածումը դադարեցնելու համար, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրումը փակ տարածնքներում:

Ալբանեզն ասել է, որ ձեռնարկությունները եւ աշխատակիցները պետք է միասին տնից աշխատելու որոշում կայացնեն, քանի որ արհմիությունները գործատուներին կոչ են անում ավելին անել իրենց աշխատողների համար:

Իշխանությունները նախազգուշացրել են, որ առաջիկա շաբաթներիմ Ավստրալիայում կարող են «միլիոնավոր» նոր դեպքեր գրանցվել:

Պաշտոնական տվյալների համաձայն, այժմ COVID-19-ով վարակված մոտ 5.350 ավստրալացի գտնվում է հիվանդանոցում: Շատ բուժաշխատողներ եւս հիվանդ կամ մեկուսացված են, ինչը լրացուցիչ բեռ է ստեղծում առողջապահական համակարգի վրա: Ավստրալացի բժիշկներն ասում են, որ դիմակները պետք է պարտադիր դառնան փակ տարածքներում:

Պատվաստանյութի երկու դեղաչափ ստացել է 16 տարեկանից բարձր մարդկանց 95 տոկոսը: