Գիտնականները գտել են Յուկատանի մայաների ամենամեծ քաղաքի փլուզման պատճառը 

Մայապան քաղաքը, որը Յուկատանի մայաների ամենամեծ բնակավայրն էր, լքվել էր 15-րդ դարի երկրորդ կեսին սոցիալական լարվածության պատճառ դարձած մի շարք երաշտների եւ հակամարտությունների պատճառով։ Այս  մասին ասվում է Nature Communications-ում հրապարակված հոդվածում։  

Գիտնականները բացահայտել են Մայապանի փլուզման պատճառները՝ ուսումնասիրելով մայաների խոշոր բնակավայրի հնագիտական, մարդաբանական եւ պալեոկլիմայական հետքերը: Մասնավորապես, վերլուծվել են Մայապանի ավելի քան 200 բնակիչների աճյունները, ինչպես նաեւ բազմաթիվ գրավոր աղբյուրներ։ 

Պարզվել է, որ քաղաքը բռնության առնվազն երկու լայնածավալ ալիք է ունեցել, որոնցից մեկը տեղի է ունեցել 14-րդ դարի վերջին, իսկ երկրորդը՝ 15-րդ դարի կեսերին։ Նախ  քաղաքացիական պատերազմ է սկսվել, երբ տեղի վերնախավը ապստամբել է իշխող Կոկոմ  դինաստիայի դեմ, իսկ հետո սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնց նախորդել էր սովը եւ պետական ​​համակարգի փլուզումը։ 

Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու ճգնաժամերն էլ կապված են մի շարք սաստիկ  երաշտների հետ, որոնք տեղի են ունեցել Յուկատանում 1380-1400 եւ 1430-1460 թվականներին: Այնուհետեւ բերքը կրճատվել է մոտ կիսով չափ, ինչը առաջացրել է սոցիալ-տնտեսական ցնցումներ եւ ի վերջո հանգեցրել Մայապան քաղաքի անկմանը, նշում է Planet Today-ը։