Լոռու մարզի Լեռնապար գյուղի գյուղապետ Վանո Եզիազարյանը յուրացնում է նպաստներն ու թոշակները, այնուհետեւ ահաբեկում գյուղացիներին: Այսպես են պնդում Լեռնապար գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ, որոնք այսօր` օգոստոսի 18-ին հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին միջոցներ ձեռք առնել գյուղապետի կամայականությունների դեմ:
Լեռնապարցի Համոն NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղապետը ավագանու որոշումներով գումարներ է հատկացնում իր ազգականներին: Մասնավորապես` 1.1 մլն դրամ է հատկացրել իր քրոջ որդուն, եւս 870 հազար դրամ` նրա քրոջը: Բյուջեի վատնման պատճառով համագյուղացիները չեն կարողանում ստանալ նպաստները, չեն իրականացվում այլ անհրաժեշտ ծախսեր: Եթե գյուղացիները բողոքում են, ապա գյուղապետը կտրում է նպաստը, կամ քանդել տալիս ցանկապատը:
Հատկանշական է, որ Վ. Եղիազարյանը հանրապետական կուսակցության անդամ է, բողոքողների մի զգալի հատվածը նույնպես այդ կուսակցության անդամներ են: «Կուսակցությունը այստեղ կապ չունի, չենք իմացել, թե ում ենք ընտրել»,- ասում էր Համոն:
Լեռնապարցիների հետ հանդիպեց կառավարության քաղաքացիների ընդունման եւ դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա գյուղացիներին հարցրեց, թե ինչ են ակնկալում կառավարությունից, եթե իրենք էլ ընտրել են այդ գյուղապետին: Ի պատասխան գյուղացիները միահամուռ ասացին, որ գյուղապետի դեմ դեռ 1,5 տարի առաջ քրեական գործ է հարուցվել, բայց նա շարունակում է իրեն անպատիժ զգալ: Ավելին` գործի քննությամբ զբաղվող դատախազության քննիչները ավելի շատ պաշտպանում են գյուղապետին, քան գյուղացիներին:
Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով` գյուղապետի լիազորությունները ավտոմատ կդադարեն այն դեպքում, եթե դատարանը քրեական հանցակազմով նրան ազատազրկման դատապարտի: Եթե դատարանը որոշի, որ գյուղապետի գործողություններում քրեական հանցակազմ չկա, սակայն չեղյալ հայտարարի նրա որոշումները, կամ էլ որոշի, որ առկա է ավագանու որոշումները պարբերաբար խախտելու փաստ, ապա համայնքի ավագանին կամ մարզպետը կարող են դիմել կառավարությանը` համայնքի ղեկավարի պաշտոնանկության հարցով:




























