Հետազոտողները նշում են, որ հին եգիպտացի կնոջ առեղծվածային մումիան, որը մահվան պահին հղի է եղել, հավանաբար, քաղցկեղ է ունեցել: Մումիայի գանգի դեֆորմացիան ցույց է տալիս ձախ աչքի հետեւում գտնվող մեծ ուռուցքը, սակայն ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հաստատելու, արդյոք ուռուցքը քաղցկեղ է:

Արտասովոր մումիան, որը ստացել է «Խորհրդավոր տիկին» անվանումը, ամենայն հավանականությամբ հին եգիպտական ​​Թեբե քաղաքից (ժամանակակից Լուքսոր) ժամանած կնոջ է պատկանում: Այն թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. առաջին դար, սակայն գտնվել է տղամարդ քահանայի սարկոֆագում: Այն բանից հետո, երբ սարկոֆագն առաջին անգամ բացվել է, հետազոտողները զարմացել են՝ ներսում անհայտ կնոջ մարմնի մասեր գտնելով:

2021 թվականի ապրիլին գիտնականները հրապարակել են ուսումնասիրություն՝ պնդելով, որ առեղծվածային տիկնոջ մարմնի համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերել է պտղի մնացորդներ արգանդում, ինչը նրան դարձնում է աշխարհին հայտնի միակ հղի մումիան: Ըստ մասնագետների՝ կինը մահացել է հղիության մոտավորապես 28-րդ շաբաթում։

Այժմ գիտնականների խումբը հայտարարել է, որ կինը, ամենայն հավանականությամբ, ունեցել է քիթ-կոկորդի քաղցկեղ, որն ազդում է բերանի, ռնգային խոռոչի եւ շնչափողի վրա: