Առաջիկա 10 օրվա ընթացքում Չինաստանը կրկին արեւելքից արեւմուտք շարժվող ջերմության նոր ալիքի կբախվի։ Մի շարք ափամերձ քաղաքների իշխանություններն արդեն շոգի ամենաբարձր մակարդակի մասին նախազգուշացումներ են անում եւ զգուշացնում են ամբարտակների փլուզման վտանգի մասին, քանի որ սառցադաշտերի հալոցքը արագանում է, հայտնում է Reuters-ը։

Շաբաթ օրը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ աճ, որը կվերածվի ջերմային ալիքների, որոնք սահմանվում են որպես երեք եւ ավելի օր արտակարգ շոգ եղանակի ժամանակաշրջաններ։ Առաջիկա շաբաթ օրը լուսնային օրացույցի չինական ալմանախում «մեծ շոգի» օրն է։

Ակնկալվում է, որ շոգը նման կլինի հուլիսի 5-17-ի ջերմային ալիքներին, սակայն ավելի շատ շրջաններում կարող է ըստ Ցելսիուսի 40 աստիճան կամ ավելի բարձր ջերմաստիճան լինել, ասել է Ազգային օդերեւութաբանական կենտրոնի աշխատակիցը:

Չժեցզյան նահանգի որոշ քաղաքներ, որտեղ շատ գործարաններ եւ արտահանողներ են գտնվում, ուրբաթ օրը վտանգի կարմիր տագնապ են հայտարարել, որն ամենաբարձրն է եռամակարդակ նախազգուշացման համակարգում՝ կանխատեսելով առնվազն 40°C ջերմաստիճան առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Ազգային էլեկտրացանցերում բեռնվածությունը կարող է նոր բարձր մակարդակի հասնել այս ամառ, քանի որ տներում, գրասենյակներում եւ ձեռնարկություններում օդորակիչների պահանջարկը բարձրանում է, ուրբաթ օրը նախազգուշացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարությունը հայտնել է, որ Չժեցզյանի, ինչպես նաեւ Ֆուցզյանի, Գուանդունի, Հունանի, Ցզյանսիի շրջանները եւ Չունցին քաղաքի որոշ հատվածներ նույնպես մոտ ապագայում անտառային հրդեհների վտանգի տակ կլինեն:

Սինցզյան արեւմտյան շրջանում մինչեւ հուլիսի 29-ը սառցադաշտերի արագացված հալվելը վտանգ է ներկայացնում գետերի եւ ամբարտակների համար, հայտնել է Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը՝ նախազգուշացնելով, մասնավորապես, Ղրղըզստանի հետ Չինաստանի սահմանի մոտ Ակսու գետի վտակի վրա ամբարտակի փլուզման բարձր ռիսկի մասին:

Գիտնականները նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նրան, որ ջերմային ալիքները կդառնան ավելի էքստրեմալ, թեժ ու հաճախակի:

Ըստ չինական ԶԼՄ-ների՝ վերջին 300 տարվա ընթացքում ամենաշոգ շրջանը եղել է 1743 թվականի հուլիսին՝ Ցին դինաստիայի օրոք, երբ Պեկինում ֆրանսիացի միսիոներներից մեկը գրանցել է ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ 44,4°C:

Ըստ Չինաստանի օդերեւութաբանական վարչության տվյալների՝ օազիս Տուրֆան քաղաքում ջերմաստիճանը հաջորդ շաբաթ կարող է հասնել 50°C-ի: